Ամոթ և խայտառակություն նրանց՝ իրենց փչացած և գարշահոտ գործունեությամբ. Էլինա Դանիելյանը ևս քննադատել է ՖԻԴԵ-ին

Ամոթ և խայտառակություն նրանց՝ իրենց փչացած և գարշահոտ գործունեությամբ. Էլինա Դանիելյանը ևս քննադատել է ՖԻԴԵ-ին

Շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ևս քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ին քննադատել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:

«ՖԻԴԵ-ում իսկապես կարծում են, որ իրենք ամենախելացի՞ն են, իսկ մյուսները ապուշ են: Ամոթ և խայտառակություն նրանց՝ իրենց փչացած և գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- «Թվիթերում» գրել է Էլինա Դանիելյանը։

Ի դեպ, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը առանցքային դեր են ունեցել Շախմատի օլիմպիադայի 1/4 եզրափակչի Հայաստան-Հնդկաստան խաղում: Նրանք հաղթել են իրենց պարտիաներում, ընդ որում, Էլինան առավելության է հասել աշխարհի ուժեղագույն կին գրոսմայստերներից մեկի՝ Համպի Կոներուի նկատմամբ:

Հիշեցնենք, որ եզրափակչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։ ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեև բողոքարկման բավարարման դեպքում պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։ Մինչդեռ  Հայաստան-Հնդկաստան  դիմակայության առաջին ռաունդում նույնպես սերվերի հետ կապված խնդիր էր առաջացել, ինչի հետևանքով Հայկ Մարտիրոսյանը չէր կարողացել քայլ կատարել և պարտվել էր, սակայն մեր թիմի բողոքարկումը ՖԻԴԵ-ն չբավարարեց: