«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում». այսօր Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է

«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում». այսօր Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է

Այսօր ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակն է: Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Հենց այս առաձնահատկությունն աննկատ չի մնացել ու Սարոյանին համաշխարհային ճանաչում է բերել, իսկ կինեմատոգրաֆիստների աչքից չի վրիպել նրա «Մարդկային կատակերգություն» վիպակը, որը 1944թ. համանուն ֆիլմի սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի:

Այսօր Սարոյանի գրական ժառանգությանը ծանոթ յուրաքանչյուր մարդու համար տոն է։

Մեծանուն գրողի հայտնի պատմվածքներից ու վիպակներից Shantnews.am-ն առանձնացրել է մի քանի աֆորիզմներ:

«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում: Ուղղակի ուզում է և վերջ: Նայում է Աստծուն ու ասում՝ տուր ինձ այս կամ տուր ինձ այն, բայց, այնուամենայնիվ, վերջում գոհ չի մնում: Միշտ դժբախտ է: Միշտ ինչ-որ բան ուզում է: Իսկ ինչ կարող է անել խեղճ Աստվածը: Նա ոչինչ չունի մարդկային թախիծը վերացնելու համար: Նա մարդուն տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, քույր, եղբայր, տուն, վառարան, սեղան, մահճակալ… Խեղճ Աստվածը տվել է այն, ինչ ունի, և ոչ մեկը երջանիկ չի դարձել իր տվածով…»

«Մարդկային կատակերգություն»

– Ի՞նչ համ ունի լավ սուրճը:
– Սուրճի համ:
– Իսկ ի՞նչ համ ունի ամենալավ սուրճը:
– Լավ սուրճի համ:
– Իսկ ինչո՞վ է լավ սուրճը տարբերվում ամենալավից:
– Գովազդով:

«Թոմաս Թրեյսի վագրը»

«Ապրել` նշանակում է սպասել։ Ու ամեն մարդ, որ ծնվում է, սպասում է, իհարկե, անգիտակցաբար, մինչև այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր։ Մեռնելուն է սպասում։ Բայց քանի որ գիտի՝ դեռ մի 30-40 տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգևորվում է, սպասում ուրիշ բաների։

Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն։ Հետո սպասում է, թե երբ է կին առնելու։ Հետո որդու է սպասում, թե որդու հետ երբ է խոսելու։ Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն կբերի։ Կամ եթե չի ուզում սպասել ո՛չ կին առնելուն, ո՛չ էլ սիրո իմաստությանը, թերևս գործի է անցնում, ուզում է ինչ-որ բանի հասնել, ինչպես ասում են՝ անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում»։

«Վեսլի Ջեքսոնի արկածները»