Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով հիվանդներին

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով հիվանդներին

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերադառնում է բնականոն աշխատանքին։

Առողջապահության նախարարի հրամանով՝ 3 մարզերում Քովիդ 19-ի բուժման համար վերապրոֆիլավորված բուժհաստատություններում համապատասխան բաժանմունքները փակվում են։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը մարտի 17-ից գործում է որպես կորոնավիրուսով հիվանդներին Շիրակի մարզում բուժող միակ հաստատությունը։

Այսօրվա դրությամբ հիվանդանոցում 55 հիվանդ է բուժվում, որոնք, ըստ նախարարի հրամանի, պետք է այսօր տեղափոխվեն մայրաքաղաքի մասնագիտացված բուժհաստատություններ, քանի որ սեպտեմբերի 1-ից Գյումրիի ինֆեկցիոնը վերադառնում է նախկին գործառույթներին։

«Մենք ունենք նախարարի հստակ հրամանը, ըստ որի՝ ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվելու է և անցնելու է իր բնականոն ընթացքին։ Շիրակի մարզում քովիդ 19-ի բոլոր պացիենտները տեղափոխվելու են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ և իրենց բուժումը ստանալու են։

Համեմատաբար ակտիվ է հիվանդների հոսքը։ 2 օրվա ընթացքում օրական 10 հիվանդ ենք ընդունել, 12 հիվանդ ենք ընդունել օրական։ Ամեն օր հաշվետվություն ենք ներկայացնում նախարարություն։ Նախարարությունում տեղյակ են, ուղղակի հրաման կա նախարարի, որ բոլորը կենտրոնացվելու են Երևանի հիվանդանոցներում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։

Այս որոշումը նշանակում է, որ բոլոր այն բուժաշխատողները, որոնք ընդունվել էին վերապրոֆիլավորումից հետո, պետք է աշխատանքից ազատվեն։ Երևան տեղափոխելու որոշումը հիվանդների դժգոհությունն է առաջացրել։ Նրանք, ովքեր 10օրից ավելի են բուժվել Գյումրիում, հրաժարվում են մայրաքաղաք տեղափոխվել։

 

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կիրականացվի միայն տրիաժ ծառայություն։