Եվրագավաթներին մասնակցող հայկական թիմերի և նրանց մրցակիցների վարկանիշները

Եվրագավաթներին մասնակցող հայկական թիմերի և նրանց մրցակիցների վարկանիշները

Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի օգոստոսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Ի դեպ, եվրագավաթների մասնակից մեր 4 թիմերից լավագույն 1000-ի շարքում տեղ են զբաղեցրել միայն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։ Վերջինս եվրագավաթների նախորդ խաղարկությունում բավական հաջող ելույթներից անմիջապես հետո հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այսօրվա դրությամբ 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ 2019 թվականին «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից «Օմոնիան» վարկանիշային աղյուսակում 437-րդն է։

Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է, որն այս տարի ելույթ չի ունենա եվրագավաթների խաղարկությունում: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվել էր դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: «Փյունիկն» այժմ 468 միավորով 761-րդ հորիզոնականում է:

Հայաստանի այս տարվա բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» 792-րդ հորիզոնականում է: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Եվրոպա լիգայում «Ալաշկերտի» առաջիկա մրցակից մակեդոնական «Ռենովան» տեղ չի գտել լավագույն 1000 ակումբների շարքում։

Գյումրիի «Շիրակի» մրցակիցը՝ նույն «Ստյաուան», այս պահին 49-րդն է։ «Նոայի» մրցակից «Կայրաթն» էլ 860-րդ հորիզոնականում է։