Էրդողանի հրահանգով Սբ․ Սոֆիայի և Սբ․ Խաչ եկեղեցու մասին տեղեկատվական գրքույկներ կհրատարակվեն

Էրդողանի հրահանգով Սբ․ Սոֆիայի և Սբ․ Խաչ եկեղեցու մասին տեղեկատվական գրքույկներ կհրատարակվեն

Թուրքիայում արտասահմանցի այցելուների համար կպատրաստվեն հատուկ տեղեկատվական գրքույկներ, որոնցում տվյալներ կներկայացվեն Թուրքիայում ոչ մուսուլման համայնքին պատկանող եկեղեցիների, տաճարների ու սինագոգների մասին, հայտնում է Ermenihaber-ը։

Այդ աշխատանքներով զբաղվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին հարաբերությունների հարցով նախագահ Ջևդեթ Յըլմազը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։

Գրքույկում մասնավորապես կնշվի, որ Թուրքիայում ներկայումս կա 435 եկեղեցի և սինագոգ, երկրում ապրում է 180․854 քրիստոնյա և շուրջ 20․000 հրեա։ Հատուկ անդրադարձ կլինի նաև վերջերս թանգարանից մզկիթի վերածված Ս․ Սոֆիայի տաճարի և Քարիե եկեղեցու պատմությանը, ինչպես նաև՝ վերջին տարիներին վերանորոգված և վերաբացված եկեղեցիներին, այդ թվում՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցուն, Սումելա մենաստանին։

Տեղեկատվական գրքույկները կնվիրվեն Թուրքիա այցելող օտարերկրյա առաքելությունների ղեկավարներին, ինչպես նաև՝ կբաժանվեն ՏԻՄ մարմիններին և այլ կառույցների։