Հայաստանում կորոնավիրուսի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը

Հայաստանում կորոնավիրուսի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը

Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան:

«Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:

Հակամարմինների հետազոտությունը տևելու է 6-12 ամիս: Այս ամսվա վերջում առաջին թեստավորումների պատասխաններն ստանալուց հետո, Ենկոյանը նշում է, որ, հավանաբար, հաջորդ ամսվա ընթացքում բոլոր նմուշառվածները ևս մեկ անգամ կնմուշառվեն, որպեսզի տեսանելի լինի օրգանիզմում մեկ ամսվա ընթացքում հակամարմինների փոփոխության պատկերը, հետագա ամիսների ընթացքում պարբերաբար նմուշառում կարվի միայն մի քանիսից:

«Մենք անում ենք հետազոտութուն, որպեսզի հասկանանք՝ այս հիվանդությունից մարդու մոտ իմունիտետ առաջանում է, թե ոչ: Հիմա միջազգային ասպարեզում տարբեր տեսակետներ կան, քանի որ դեռ վաղ է որևէ հստակ բան ասելու համար: Վարակը, երբ մտնում է մարդու օրգանիզմ, հիվանդի մոտ արդեն սկսում է ձևավորվել իմունային պատասխանը: Հակամարմինները մի քանի օրվա ընթացքում սկսում են առաջանալ: Հիվանդության վերջնական շրջանում առաջանում է իմունիտետ IgG-ն: Մեր խնդիրն է պարզել, թե որքան է այն մնում մարդու օրգանիզմում: Այն կարող է նաև երկար կամ կարճ մնալ, կախված հիվանդության ընթացքից»,- նշեց ԵՊԲՀ պրոռեկտորը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշվել հետազոտությունը սկսել Հայաստանում վարակի տարածման սկզբից շուրջ կես տարի անց, Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այն սկսելու գաղափարը եղել է դեռ մայիս ամսին, սակայն ժամանակային առումով, իրենք չեն ուշացել:

«Մենք այս հետազոտության մասին մտածում էինք մոտ մայիսից սկսած: Մինչև հունիսի սկիզբը Հայաստանում դեռ չկային հակամարմինների որոշման այն որակյալ անալիզները, որոնք մենք ունեցանք հունիսին: Ցանկացած ծրագիր, պետք է ունենա էթիկայի հանձնաժողովի թույլտվություն: Մենք չենք պատրաստվում ինչ-որ բան անել, ուղղակի անելու համար: Հունիսի սկզբին հաստատեց էթիկայի հանձնաժողովը, դրանից հետո գործընթացը սկսվեց: Գտնում եմ, որ մենք պրակտիկորեն ժամանակ չենք կորցրել: Մենք այնքան գրագետ գործեցինք, որ մարտ-ապրիլ ամիսներին հիվանդացածներին կարող ենք այժմ ներառել գործընթացի մեջ»,- ասաց Ենկոյանը:

ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ Covid_Antibody նախագծի շրջանակներում իրականացվող գործընթացը բացարձակապես անվնաս է, ինչպես ցանկացած այլ հետազոտություն, որի համար երակից արյուն վերցնելու անհրաժեշտություն կա:

«Մեզ համար շատ կարևոր է ստանալ մարդկանց թույլտվությունը: Ամեն ինչն արվում է կամավորության սկզբունքով, իրենց աչքի առաջ: Ասեղից սկսված, ամեն ինչ հատկացվել է միայն այս հետազոտության համար: Մենք նաև յուրահատուկ հարցաթերթիկ ենք լրացնում նմուշառում անցնողի հետ, որտեղ նշվում է մի քանի կարևոր դրվագ հիվանդության ընթացքի վերաբերյալ: Արդեն տվյալների մեծ բազա է ստացվել»,- նշեց Կոնստանտին Ենկոյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանը կիրականացնի նաև Covid-նեյրո պրոյեկտը, որը կուսումնասիրի մարդու նյարդային համակարգի վրա Covid-19-ի հետևանքով առաջացող փոփոխությունները: