Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ով այժմ գտնվում է Լիտվայում, առաջիկա օրերին ելույթ է կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդդիմադիր գործիչը ելույթ կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ ԵԽԽՎ նիստում՝ սեպտեմբերի 8-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալու հրավեր ստանալու համար հարկավոր է ԱԽ-ի բոլոր անդամների համաձայնությունը։

«Այն հարցին, թե ինչ օգնություն են նա և Բելառուսը ակնկալում միջազգային հանրությունից, Սվետլանան ասում է, որ մենք բոլորին խնդրում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներ և հարգել Բելառուսի ժողովրդի կամքը», – հաղորդել է գործչի մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծում է, որ Բելառուսի ժողովրդի ընտրությունը պաշտպանելուն ուղղված ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ճգնաժամից դուրս գալու լավագույն տարբերակը բանակցություններն են։

«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման մասին բանակցությունների հասնելը հենց բելառուսցիների պատասխանատվությունն է, սակայն դրանք սկսելու համար մենք չենք հրաժարվում միջազգային աջակցությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, սա քաղաքական ճգնաժամ է երկրի ներսում։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է ընտրել երկրի նոր ղեկավարի։ Եվ նրանք իրավունք ունեն անել դա ինքնուրույն», – նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նախկին թեկնածուի խոսքերը։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական օժանդակություն ցույցաբերել Բելառուսի տնտեսության վերականգնման և զարգացման համար, նպաստել ներդրումներին և նոր տեխնոլոգիաներին այն բանից հետո, երբ երկրում ազատ ընտրություններ կայանան։

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ, ինչից հետո արդեն 22 օր շարունակ երկրում ցույցեր են անցկացվում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։