Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։

Առաքելության ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի և այլ մասնագետների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ հատվածի կառուցման հետ կապված հիմնական հարցերին և ժամկետներին։ Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։ ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։

Նախարարի տեղակալ Ղալեչյանը շեշտել է ծրագիրն արդյունավետ իրականացնելու կարևորությունը։