Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել

Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, պաշտոնապես ընկերությունը Թուրքիայում գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի Tekmen Tower բիզնես կենտրոնում գտնվող մի գրասենյակից։

Ներկայումս Google-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել այդ երկրում Google-ի գործունեությունը և կգործի Google-ի դուստր ընկերությունները միավորող Alphabet մայր ընկերության կազմում։

Թուրքիայում ենթադրվում է, որ Google-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է վերջերս ընդունված և սոցիալական ցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեությունը վերահսկող օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչությունը ունենալ։

Մյուս կողմից՝ Google-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 2021-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերահիշյալ օրենքի հետ։